Հայրավանք
Եթե ուզում եք զգալ խաղաղություն, անդորր, այցելեք Սևանա լճի բարձրադիր ափին գտնվող Հայրավանք վանական համալիր։ Սրբատեղիում 9-րդ դարում հիմնված Սուրբ Ստեփանոս եկեղեցին քառակոնք, կենտրոնագմբեթ շինություն է, և կրում է հայ ճարտարապետական մտքի լավագույն ավանդույթները։ 1211 թվականին կառուցված ութանիստ, շքեղ գմբեթով գավիթն ամբողջացնում է համալիրը։ Ըստ պատմական աղբյուրների այստեղ պահվել է Քրիստոսի խաչափայտի կտորն, որի հետ կապված շատ գեղեցիկ ավանդություն է փոխանցել Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսը։ Ըստ դրա 1381-ին՝ Լենկթեմուրի ներխուժման ժամանակ ավերվում էր երկիրն ու բնաջնջվում բնակչությունը: Վանքի վանահայր Հովնանը գերեվարված հազարավոր մարդկանց Խաչափայտի մասունքով փոխակերպել է աղավնիների և ազատ արձակել։ Այդ ժամանակվանից ի վեր եկեղեցին կոչվում է Մարդաղավնյաց։
Ըստ որոշ աղբյուրների վանահայրը ապաքինել է Լենկթեմուրի մահացու վիրավորված որդուն և խնդրանքով դիմել է վերջինիս՝ վանքում ապաստանի հնարավորություն տալ գերեվարված մարդկանց։ Եվ հազարավոր մարդիկ փրկվել են վանքի ներսում գտնվող թունելով հասնելով ապահով վայր։
1980-ական թվականների մեծ վերանորոգումից հետո վանքն իր կառույցներով համարվում է Հայ առաքելական եկեղեցու գործող կարևոր սրբավայրերից մեկը։
