Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
Մեսրոպ Մաշտոցի պող. Երեւան 0002Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվեց 1972թ․ Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի հանդիսանում էր թանգարանի տնօրեն։ Թանգարանի ստեղծման գործում Հ․Իգիթյանը մեծ աջակցություն ստացավ Երևանի այն Ժամանակվա քաղաքապետ Գ․Հասրաթյանից, ինչպես նաև 60-ական թվականների հայ լավագույն նկարիչների կողմից։
Որպես ժամանակակից արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Սովետական Միության տարածքում։ Թանգարանի հավաքածուն կազմված էր Հայաստանի և Սփյուրքի ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք սիրով նվիրաբերվում էին արվեստի այս օջախին։։
Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի,Հարություն Կալենցի, Էլիբեկյան եղբայրների, Աշոտ Բայանդուրի շատ ստեղծագործություններ դարձան թանգարանի ցուցադրության հիմնական առանցքը։
2004թ․ բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները, իսկ 2010-ին Կապանի Պղինձամոլիբդենային կոմբինատի կողմից՝ կանադաբնակ արվեստագետ Կարեն Պետրոսյանի քանդակները։
Ուշագրավ է թանգարանի տպագրական գործունեությունը։ Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը հրատարակել է մի շարք ալբոմներ՝ “Քոչար”, “Ա․ Բաժբեուկ–Մելիքյան”, “Հովնաթանյանից Մինաս”, “Թանգարան”, “Հայկական գունապնակ I”, “Հայկական գունապնակ II”, “Մինաս Ավետիսյան”, “Վրույր Գալստյան”, “Աշոտ Հովհաննիսյան”, “Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան” պատկերագիրքը, ինչպես նաև 1980-ականների նկարիչների անհատական կատալոգները։
Այսօր ևս Ժամանակակից արվեստի թանգարանը իրականացնում է ժամանակակից արվեստի զարգացմանն ողղված տարաբնույթ ծրագրեր և սպասում է իր այցելուներին։
