Հնագիտական շրջագայություն
Հնագիտական տուրեր
8 օր / 7 գիշեր
հասանելիություն
Ամբողջ տարի
Մանրամասն նկարագրություններ
Ժամանում Երևան
Տեղափոխում ընտրված հյուրանոց
Շրջայց Երևանում
Նախաճաշ հյուրանոցում։
Ճանաչողական շրջայց Երևանով՝ հին (29 տարով ավելի հին, քան Հռոմը) և միևնույն ժամանակ արդիական ու գեղեցիկ քաղաք,ուր զգացվում է հայ հնագույն քաղաքակրթության շունչը։ Զբոսնեք քաղաքի կենտրոնում՝ հիանալով Հանրապետության հրապարակով, պետական համալսարանի, Խորհրդարանի, մարզահամերգային համալիրի շենքերով, Մայր Հայաստան հուշարձանով և Նախագահի պալատով, Օպերայով և Կարապի լճով:
Այցելություն 1915 թվականին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տարածքում բնաջնջված 1.5 միլիոն հայերի հիշատակը ոգեկոչող Ցեղասպանության զոհերի հուշահամալիր ։ Այցելություն Ցեղասպանության թանգարան։
Այնուհետև զբոսանք Կասկադ համալիրում, որը համարվում է Երևանի ժամանակակից արվեստի կենտրոն, ուր արվեստի նմուշները ցուցադրված են ողջ տարածքում։ Կասկադի վերևից բացվում է համայնապատկերային տեսարան դեպի քաղաք և Արարատ լեռ: Կասկադում է գտնվում Գաֆեսջան ժամանակակից արվեստի թանգարանը: Այս վայրն էլ ավելի հմայիչ է դառնում երեկոյան ժամերին, երբ լի է մարդկանցով՝ ինչպես տեղացիներով, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով, ովքեր վայելում են մայրաքաղաքի հմայքն ու ջերմությունը։ Դուք կարող եք ժամանակ անցկացնել գողտրիկ բացօթյա սրճարաններից մեկում, շրջապատված արվեստի գեղեցիկ գործերով և կախարդական գույներով վառ շողշողացող ծաղիկներով: Կասկադը նաև հայտնի է ամառային բացօթյա համերգներով:
Այցելություն Մատենադարան (հին ձեռագրերի պահոց, որի հավաքածուն աշխարհում ամենամեծերից է): Մատենադարանում են պահվում շուրջ 17 հազար ձեռագրեր, սկսյալ 7-րդ դարից։ Հաստատությունն մեծ հեղինակություն է վայելում, գնահատվելով պատմության և արվեստի սիրահարների ու մասնագետների կողմից: Հավաքածուն ներառում է հայ գրչությունից բացի, արաբական, պարսկական, հունական, լատինական, եթովպական, հնդկական, ճապոնական ծագման բնօրինակ ձեռագրեր։
Հաջորդ կանգառն մ.թ.ա. 782 թվականին ուրարտական թագավոր Արգիշտի I-ի կողմից հիմնադրված Էրեբունի ամրոցն է։ Այցելություն հնավայր և Էրեբունի թանգարան (1968թ.), որտեղ ցուցադրված է ուրարտական դարաշրջանի հետարքրքիր հավաքածու: Էրեբունին կարևոր դեր է խաղացել հայկական պետականությունների կյանքում։
Այցելություն Պատմության թանգարան, որտեղ ներկայացված է հայ հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթության մոտ 400,000 ցուցանմուշ։
Այնուհետև կանգառ Շենգավիթի թանգարան-արգելոցում՝ Հայաստանի վաղ բրոնզի դարաշրջանը ներկայացնող ամենակարևոր հնագիտական վայրերից մեկում։
Ուղևորություն դեպի Կարմիր բլուր, որն խոշոր բնակավայր է եղել դեռևս էնեոլիթի դարաշրջանում (մ.թ.ա. XIII-VIII) ։ Ուրարտական թագավորության շրջանում այստեղ կառուցվեց հզոր քաղաք-ամրոց Թեյշեբաինին, որի լավ պահպանված հնավայրն հիացնում է մասնագետներին։
Կամընտրելի. Հայկական կոնյակի գործարանում շուրջ մեկժամյա շատ հետաքրքիր շրջագայությունը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ծանոթանալ գործարանի պատմությանը, կոնյակի պատրաստման գործընթացին, ցուցասրահներին և պահեստի սրահներին։ Այցելուները նաև կունենան տարբեր տարիքի 2 տեսակի կոնյակի համտեսի հնարավորություն։ Գործարանի տարածքում գտնվող խանութում կարելի է գնել հայտնի կոնյակն անմիջապես գործարանից։
Գիշերակաց Երևանում։
Լճաշեն - Բերդկունք - Օձաբերդ - Քարավանատուն - Գորիս
Նախաճաշ հյուրանոցում:
Ուղևորություն դեպի Սևանա լճի ափին գտնվող Լճաշեն գյուղ, որը Հայաստանի կարևոր հնավայրերից մեկն է: Սևանա լճում ջրի մակարդակի անկման հետևանքով բացվել է հին դամբարանների դաշտ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է Լճաշենի ամրոցը, քաղաքի հին ավերակները, ինչպես նաև թաղումներ՝ պահպանված հնագիտական նյութով: Հետաքրքիր գտածոներից են Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ի սեպագիրը, ոսկե գորտը և բազմաթիվ ոսկե զարդեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. II հազարամյակով:
Այցելություն միջնադարյան Բերդկունք ամրոց, որը հիմնադրվել է մ.թ.ա. I-II դարերում: Ուղևորություն դեպի Օձաբերդ (հայերենից թարգմանաբար՝ «Օձի ամրոց»): Ամրոցի պատին փորագրված էին Ուրարտուի թագավոր Ռուսա I-ի խոսքերը. «Ես կառուցեցի այս ամրոցը ամպրոպների աստծո պատվին»: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են ամրոց, միջնաբերդ, մի քանի հին բնակավայրեր, գինու մառանի նման կառույց և մեծ դամբարան՝ թաղումներով։
Անցում Սելիմի լեռնանցքով, որը գտնվում է 2500 մ բարձրության վրա։ Հնում Մեծ Մետաքսի ճանապարհն անցնում էր Սելիմի լեռնանցքով։ Մեքենայով ուղևորություն դեպի Գորիս։ Գիշերակաց Գորիսում։
Գորիս - Անգեղակոթ - Զորաց Քարեր - Արենի (գինեգործարան) - Նորավանք - Խոր Վիրապ - Երևան
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն Անգեղակոթ գյուղ, կանգառ Գոդեձոր հին բնակավայրում, որն պղնձե-քարեդարյան մշակույթի հետարքրքիր հնավայր է։
Այցելություն Քարահունջ կամ Զորաց Քարեր, որն աշխարհում հնագույն՝ 7500 տարվա աստղադիտարաններից մեկն է: Այն ներկայանում է այցելուին դաշտում ճշգրիտ դասավորված քարերի տեսքով, որոնց մեջ փորված անցքերն օգտագործվում էին աստղագիտական դիտարկումների համար: Քարահունջի մոտակայքում հայտնաբերված ժայռապատկերները վկայում են, որ Հայաստանի հին բնակիչները լավ ծանոթ էին աստղագիտությանը։ Քարահունջը զբոսաշրջիկների կողմից անվանվել է «Հայկական Սթոունհենջ»:
Շարունակելով ճանապարհն, այցելություն Արենի գյուղի տեղական գինեգործարան՝ գինու համտեսի համար։ Արենին եղել է Հայաստանի գինեգործության կենտրոններից մեկը և վերջին շրջանի հնագիտական հայտնագործությունները նրան համաշխարհային ճանաչում են բերել։ 2010 թվականի սեպտեմբերին հնագետները այստեղ հայտնաբերել են 6100 տարեկան գինեգործարան և գինու մառան։ Հայտնաբերվել են խաղող ճզմելու համար նախատեսված գինու հնձան, խմորման և պահպանման տարաներ, խմելու բաժակներ, խաղողի որթեր, սերմեր։ Սա մինչ օրս հայտնաբերված հնագույն գինեգործարաններից ու գինու մառաններից է։ Հայտնագործությունը վկայում է Հայաստանի տարածքում գինեգործական մշակույթի բարձր մակարդակի մասին։ Պեղվել են նաև կենցաղային առարկաներ՝ մազակալ, փոքրիկ դաշույն (ափի չափ), ինչպես նաև գինու պահպանման անոթներ, վառարան, հայերեն և պարսկերեն լեզուներով ձեռագրերի կտորներ և կենդանիների ոսկորներ, ինչպես նաև աշխարհում հայտնի հնագույն,ամբողջական կաշվից պատրաստված կոշիկը։
Հաջորդ կանգառը Նորավանք վանական համալիրն է՝ XIII դարի կրոնական և մշակութային խոշոր կենտրոն։ Կարմիր լեռների հիասքանչ գրկում կառուցված վանքն ուշագրավ է ոչ միայն բնության հետ իր արտասովոր համադրությամբ, այլև ճարտարապետական հմայքով։ Վանքը հարուստ է հայկական խորհրդանշական զարդաքանդակներով։ Շատ այցելուների տեսարանն այնքան հիասքանչ է թվում, որ նրանք նախընտրում են քայլքով անցնել դեպի վանք տանող ճանապարհի վերջին հատվածը՝ վայելելով կիրճի և նրա եզակի ժայռային կազմավորումների գեղեցկությունը: Այս գլուխգործոցը սերտորեն կապված է միջնադարյան հայ ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի հետ, ում աշխատանքները զարդարում են նշանավոր համալիրը: Համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1339 թվականին և վերագրվում է Մոմիկին: Այստեղ է նաև Օրբելյան տոհմի (XIII-XIV դարեր) հանգստարանը : Եկեղեցու պատերին արված զարդաքանդակներն ՝ Սուրբ Աստվածածնի, Հայր Աստծո, Քրիստոսի խաչելության պատկերներն, ինչպես նաև խաչքարերն, հիացնում են իրենց կատարելությամբ:
Այնուհետև ուղևորություն Արարատյան դաշտավայրով դեպի Խոր Վիրապ ՝ քրիստոնեական կարևոր ուխտատեղի, որտեղ զնդանում Հայաստանում քրիստոնեությունը տարածելու համար Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր 13 տարի: Սուրբ Գրիգորի ազատ արձակումը մ.թ. 301-ին բեկումնային պահ եղավ Հայոց պատմության մեջ, քանի որ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Կարելի է վայելել նաև բիբլիական հիասքանչ Արարատ լեռան տպավորիչ տեսարանը։ Ըստ Աստվածաշնչի այստեղ է հանգրվանել Նոյան տապանը։ Իր երկու սպիտակ գագաթներով Արարատն այնքան մոտ է, որ թվում է, որ կարող ես դիպչել նրան։
Գիշերակաց Երևանում
Քարաշամբ - Գառնի - Գեղարդ
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Քարաշամբ, որտեղ հայտնաբերվել է դամբարան։ Բրոնզե դարի դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է բրոնզե բաժակ՝ ներդիրներով, ինչպես նաև մետաղից և բրոնզից պատրաստված զարդեր, զենքեր, իշխանության խորհրդանիշներ, ճենապակյա առարկաներ (ամաններ, զարդեր), որոնք թվագրվում են մ.թ.ա. XIX-XVIII դարերին։ Հնագետները հայտնաբերել են, ամենայն հավանականությամբ, ցեղի գլխին պատկանող դամբարան։ Հետաքրքիր փաստ է ծիսակատարությունների համար նախատեսված մեծ թվով տարբեր անոթների հայտնաբերումը։
Ուղևորություն դեպի Գառնիում գտնվող Արևի Աստված Միրտին նվիրված միակ մնացած հեթանոսական տաճարը, որը կառուցվել է մ.թ. 77 թվականին Տրդատ թագավորի (Արշակյանների դինաստիա) կողմից։ Տաճարը հունա-հռոմեական ոճի է՝ բնորոշ սյուներով։ Այն հպարտորեն կանգնած է ժայռոտ լեռնաշղթայի վրա՝ խորը կիրճից բացվող գեղեցիկ տեսարանով։ Տաճարը Արշակյանների դինաստիայի ամառային նստավայրն էր։ Այցելություն մոտակայքում գտնվող Թագավորական պալատի և Թագավորական բաղնիքի ավերակներին։ Գառնիի կիրճ՝ հիասքանչ և ակնառու տեսարան, որը ստեղծում է ընկնող ժայռերի պատկեր։ Այն ստացել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը իր տեսարանի շնորհիվ։ Գառնիի կիրճի ֆանտաստիկ բնապատկերը ցնցում է մարդկային երևակայությունը։ Մեքենայով գնացեք դեպի Սուրբ Գեղարդի եզակի քարանձավային տաճար (12-13-րդ դարեր), որի անունը նշանակում է «սուրբ նիզակ»՝ ի պատիվ երկար ժամանակ պահպանված նիզակի, նույն այն նիզակի, որը խոցել էր խաչված Քրիստոսի մարմինը։ Այն այժմ ցուցադրվում է Էջմիածնի տաճարի թանգարանում։ Գեղարդի վանքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։ Վանքը թաքնված է վեհաշուք ժայռերի մեջ, և այս տեսարանը տպավորություն է ստեղծում, որ ժայռերը դարեր շարունակ պաշտպանել են հին վանքը։
Կամընտրելի. ընտանեկան ճաշ գյուղական տանը՝ լավաշի (թոնիրում թխվող հայկական ավանդական հաց) պատրաստման դիտմամբ։
Մեկնում Երևան, գիշերակաց։
Աշտարակ - Աղցք - Ագարակ - Շամիրամ - Արուճ - Օշական
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի գեղատեսիլ Աշտարակ քաղաք։ Աշտարակի հայտնի պատմական հուշարձաններից մեկը Քասախ գետի եզակի եռակամար կամուրջն է (XVII դար): Այնուհետև ճանապարհն շարունակում ենք դեպի Աղձք գյուղ, որտեղ գտնվող վաղ միջնադարյան դամբարան-գերեզմանատնում ամփոփված են հեթանոս,ապա քրիստոնյա հայ Արշակունի արքաների աճյուններն։
Ուղևորություն դեպի Ագարակի պատմամշակութային արգելոց: Հնավայրի տարածքնպատված է ժայռափոր ու քարակոփ կառույցներով որոնք վկայում են վաղ բրոնզեդարյան մեծ բնակավայրի մասին: Հնագույն դամբարանադաշտի տարածքում հայտնաբերվել է ուրարտական ժայռափոր դամբարան, եզակի հնագիտական նյութ՝ ինչպիսիք են ուրարտական կնիքները, խեցեգործական հետարքրքիր գտածոներն ու կենցաղային առարկաներն:
Շրջագայության շարունակում դեպի Շամիրամ գյուղի մթա 2-րդ հազարամյակով թվագրվող քաղաքատեղին և դամբարանադաշտը: Շամիրամից մինչև Կոշ՝ ողջ տարածքը ծածկաված է հնագույն դամբարաններով։
Ճանապարհն այս պատմական տարածքներով մեզ տանում է դեպի Արուճ գյուղ, որը գտնվում է Երևանի մոտ։ Արուճը Հայաստանի հնագույն գյուղերից է որը մշտապես բնակեցված է եղել դեռևս 5- րդ դարից։ Ի սկզբանե Արուճը ծառայել է որպես Հայոց Այրուձիի ձմեռային նստավայր , իսկ 7- րդ դարում դարձել է Գրիգոր Մամիկոնյան իշխանի պաշտոնական նստավայրը։ Այստեղ Մամիկոնյան իշխանը հիմնադրեց Սուրբ Գրիգոր եկեղեցին, որն այսօր էլ կանգուն է որպես հայկական միջնադարյան ճարտարապետության տպավորիչ վկայություն։ Եկեղեցին ինչպես դրսից այնպես էլ ներսից զարդարված էր բարդ , որմնանկարներով։ Սակայն, այս գեղեցիկ արվեստի գործերից ընդամենը մի քանիսն են կարողացել դիմակայել ժամանակի փորձությանը։ Գյուղի մոտակայքում է գտնվում Քարավանսարայը (XII-XIV դդ.):
Այցելություն Օշական գյուղ, որն Հայաստանի հնագույն բնակավայրերից է հարուստ է բազմաթիվ հնագիտական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում գտնվում է «Դիդի կոնդ» բլուրը՝ տարբեր հնագիտական դարաշրջանների հուշարձաններով: Բլրի լանջերին կան երկաթի դարի և ուրարտական ժամանակաշրջանի ավելի քան 1000 դամբարաններ: Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան գերեզմանատունը պահպանված խաչքարերով:
Օշականը առանձնատուկ կարևորություն ունի հայ ժողովրդի համար: Այստեղ է հանգչում հայոց գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Հարգանքի տուրք մատուցեք սրբադասված գիտնականին իր անունով կառուցված եկեղեցում և ծանոթացեք հայ գրերի ստեղծման պատմությանը: Հայոց այբուբենի գյուտը մ.թ. 405 թ. թույլ տվեց հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդին գրել սեփական գրով՝ երաշխավորելով ազգի զարգացումն ու հարուստ մշակույթային ժառանգության հարատևումն:
Գիշերակաց Երևանում:
Մուսալեռ - Էջմիածին - Հռիփսիմե - Զվարթնոց - Մեծամոր - Արգիշտիխինիլի - Սարդարապատ
Նախաճաշ հյուրանոցում։
Ուղևորություն դեպի Մուսալեռ գյուղ, որտեղ տեղադրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ Մուսալեռցիների հերոսական ինքնապաշտպանությունը խորհրդանշող հուշարձանը։
Այցելություն Էջմիածին, որը նախկինում եղել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկը։ Այն Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կենտրոնն է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Էջմիածնի տաճարը քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է, ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (2000թ.)։ Այն հիմնադրվել է 301 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Հետագայում վերակառուցվել է և ներկայումս գործում է որպես համալիր՝ ներառելով Մայր տաճարը, Հոգևոր ակադեմիան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը, Հայ եկեղեցու Սինոդը և գրադարանը։ Տաճարի թանգարանն հարուստ է եզակի ցուցանմուշներով՝ Սուրբ Պատարագի սպասարկման կրոնական իրերի հավաքածու, ոսկուց, արծաթից, թանկարժեք քարերից պատրաստված կրոնական խորհրդանիշներ, զարդեր, մյուռոնի պատրաստման հսկայական արծաթյա կաթսա և Սուրբ Գեղարդը:
Էջմիածին քաղաք մտնելիս այցելություն Սուրբ Հռիփսիմե հոյակերտ եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեի մասին ավանդությունը սկիզբ է առնում քրիստոնեության վաղ շրջանից: Ըստ դրա Հռիփսիմեն փախել էր Հայաստան՝ փրկվելով հռոմեական կայսր Դիոկղետիանոսի հալածանքներից։ Գեղեցիկ, Քրիստոսին նվիրված հետևորդ Հռիփսիմեն Հայաստանում հրաժարվեց ամուսնանալ հայոց հեթանոս թագավոր Տրդատ III-ի հետ, և ընտրեց նահատակությունը: Նրա մարտիրոսության վայրում հետագայում փոքրիկ մատուռ կանգնեցվեց։ 7-րդ դարում ,Կոմիտաս կաթողիկոսն այստեղ կառուցեց հայկական ճարտարապետության գլուխգործոց՝ սքանչելի եկեղեցին։
Ուղևորություն դեպի Հայաստանի ճարտարապետական հրաշալիքներից մեկը՝ Զվարթնոցի տաճար (641-661թթ.), որն իր անվանումն ստացել է «Զվարթ» բառից: Պահպանված ավերակները պատկերացում են տալիս այս տաճարի հազվագյուտ գեղեցկության և աներևակայելի ճարտարապետական լուծումների մասին։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում (2000 թ.):
Այցելություն Մեծամորի արգելոց թանգարան: Մեծամորի բրոնզեդարյան ամրոց-բնակավայրը գտնվում է Արարատյան դաշտավայրի կենտրոնում: Պեղումների ժամանակ հնավայրում հայտնաբերված արժեքավոր գտածոներն, մետաղադրամների բազմազանությունը հաստատում են, որ Մեծամորը դարեր շարունակ եղել է ժամանակի առևտրային խոշոր հանգույցներից մեկը:
Այնուհետև հնարավորություն այցելելու Ուրարտական թագավորության խոշոր և շքեղ քաղաքներից մեկի՝ Արգիշտիխինիլիի ավերակներ, որը հիմնադրվել է Արգիշտի I-ի օրոք և անվանակոչվել նրա պատվին (մ.թ.ա. VIII-VI դդ):
Ուղևորություն Սարդարապատի հաղթական ճակատամարտին նվիրված հուշահամալիր և ազգագրության թանգարան, որտեղ պահվում են հայ ժողովրդի հոգևոր ու նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող արժեքավոր հավաքածու՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Գիշերակաց Երևանում:
Ազատ ժամանակ մեկնելուց առաջ: Տեղափոխում օդանավակայան:
Տուրփաթեթի գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում (ՀՀ դրամով)
